«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Էս ի՜նչ աստվածային բարությամբ օժտված, ի՜նչ անփոխարինելի մարդիկ են ապրել մեզ հետ, մեր կողքին

Էս ի՜նչ աստվածային բարությամբ օժտված, ի՜նչ անփոխարինելի մարդիկ են ապրել մեզ հետ, մեր կողքին
06.08.2025 | 11:24

Հայրս ամբողջ կյանքում հացի վերջին պատառը թողնում էր սեղանին` իր ափսեի կողքին, մաքուր անձեռոցիկի վրա։

Սկզբում տատս էր դիտողություն արել, հետո մայրս էր ամեն անգամ ժպիտով բարձրաձայնում.

«էլի վերջին պատառը թողել է...»։

Ո'չ տատիս, ո'չ մայրիկիս չէր պատասխանում։

Երբեմն ժպտում էր, երբեմն` չլսելու տալիս ու լռում։

Մի օր, հերթական անգամ նկատեցի ու զգուշորեն հարցրի, իհարկե, պատասխան չակնկալելով։

...Սովորության հզոր ուժի մասին շատ եմ կարդացել։ Մտածեցի` երևի անհաղթահարելի սովորություն է։

Բացի այդ` չէր սիրում, եթե չասեմ` զայրանում էր, երբ որևէ մեկը փորձում էր անգամ ինչ-որ հարցում իրեն հակառակվել (անկեղծ ասած` ինքը միշտ ճիշտ էր լինում), էլ չասեմ` փորձեր դիտողություն անել (գենետիկական դրսևորում է. բոլոր Մելիքսեթյաններն այդպես են «արձագանքում»)։

Սակայն, ի զարմանս ինձ` «Աքսորից է մնացել, աղջիկս»,-ասաց դառնությամբ (1946-ին էր աքսորվել Սիբիր)։

ՈՒ ասես ինքն իրեն, բայց ինձ լսելի ձայնով խոստովանեց.

- Երբ «մահվան ճամբար»-ում ես, երբ ամեն պահի կարող են բարաք բերել մի քաղցած, մի անմեղ, մի խոշտանգված, ուշագնաց կալանավորի, ու հացի մի պատառը կարող է նրա կյանքը փրկել, հացը սպեղանի է...

Լռեցինք։

Էս ի՜նչ աստվածային բարությամբ օժտված, ի՜նչ անփոխարինելի մարդիկ են ապրել մեզ հետ, մեր կողքին։

Երանի՜...

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4724

Մեկնաբանություններ